Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն այն կարծիքին չէ, որ 2015թ. և ընդհանրապես առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է ստանալ խաղաղ կարգավորում: Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս պահին միջ ազգային հանրության համար թիվ մեկ խնդիր է դարձել Ադրբեջանի կողմից ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման կանխումը:

 

«Այս տարվա սկզբից ադրբեջանական կողմի իրականացրած քայլերը, ինչպես նաև երեկ Տավուշի մարզում իրականացված դիվերսիոն հարձակումը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը փոխել է իր ռազմավարությունը, ինչն ակնհայտորեն խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը: Եվ որքան էլ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ 2015թ. դառնա խաղաղության ձեռքբերման տարի, դա այնքան էլ իրատեսական չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:

 

Նա ընդգծեց, որ եթե նախորդ տարիներին Ադրբեջանը միայն իրենց համար կարևոր տարելիցների ժամանակ էր սրում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ապա վերջին շրջանում նրանք շարունակաբար լարվածություն են ստեղծում ինչպես Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: «Դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթից, որում նա միջազգային հանրությանը մեղադրում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու մեջ՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը ցանկանում է, որպեսզի միջազգային հանրությունը, գերտերություններն իրենց ուշադրության կենտրոնում պահեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և իրականացնեն Ադրբեջանի ցանկությունները: Բացի այդ, Ալիևը փորձում է ստուգել Հայաստանի անվտանգության աստիճանը՝ արդեն որպես Եվրասիական տնտեսական միության անդամ: Ադրբեջանին չհաջողվեց հասնել Հայաստանի և Արցախի տարանջատմանը մաքսակետ տեղադրելու կամ այլ եղանակով և հիմա իրավիճակը սրելու փորձեր է անում՝ միաժամանակ ստուգելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի անվտանգության մակարդակը»,- նշեց Սաֆարյանը:

 

Ադրբեջանական կողմից իրավիճակի ապակայունացման փորձերը քաղաքական վերլուծաբանը կապում է նաև այն բանի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներքին քաղաքական կյանքում այլևս անելիք չունի. նա արդեն կայացել է որպես բռնապետ, իսկ հասարակությանը տալու այլևս ոչինչ չունի, ուստի իր ողջ ագրեսիան մղում է երկրի սահմաններից դուրս: «Եվ ես կարծում եմ, եթե միջազգային հանրությունը համարժեք արձագանք չտա ադրբեջանական սադրանքներին, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառի, ապա Ադրբեջանի քայլերը կարող են վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց Սաֆարյանը:

 

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի ապակայունացումն այս պահին ձեռնտու է Թուրքիային, քանի որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, իսկ Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի Հայաստանը զբաղված լինի այլ հարցերով: Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանին շատ դժվար տարի է սպասում, և հայկական բանակը պետք է պատրաստ լինի արդյունավետ հակազդեցության:

 

Ադրբեջանը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարված պահել իրավիճակը: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը' ժամը 03:15-ի սահմաններում,ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

 

Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: Հունվարի 11-ին' ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում ադրբեջանցիները կատարել են ևս մեկ դիվերսիոն փորձ: Հայկական կողմը կարողացել է համարժեք պատասխա ն տալ հակառակորդին՝ վերջինիս պատճառելով զգալի կորուստներ և հետ շպրտելով իր դիրքերը: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Սարգսյանը: Ադրբեջանական կողմը Արցախի ուղղությամբ դիվերսիայի ևս երկու փորձ է կատարել անցած գիշեր: