Մայիսյան հերոսամարտերից 96 տարի անց հայ զորավարների հերոսությունը հարգանքի ու գնահատանքի է արժանանում. մայիսի 27-ին տեղի ույնեցավ Արմավիրի մարզի Արաքս գյուղի փողոցների անվանակոչության հանդիսավոր արարողությունը: Հարգելով զորավարներ Մովսես Սիլիկյանի և Դանիել Բեկ-Փիրումյանի հիշատակը' Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրինության և Արաքս գյուղի գյուղապետարանի նախաձեռնությամբ դեպի հուշա համալիր տանող մայրուղին անվանվեց ռազմարվեստի երախտավորներ Մովսես Սիլիկյանի, իսկ դեպի թանգարան տանող ճանապարհը' Դանիել Բեկ-Փիրումյանի անուններով: Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, Արաքս գյուղի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը և այլ անձինք: «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը Հայոց ազատագրական պայքարի առանցքային ուղենիշներն էին, որոնք կենսական նշանակություն ունեցան հայոց պետականության ձևավորման գործում: Թող այս ուղենիշները մեզ միշտ առաջորդեն մեր կյանքում»,- նշեց Արաքս գյուղի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը' ներկայացնելով փողոցների անվանակոչման որոշումը:
Փողոցների անվանակոչման արարողությունից հետո Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին նվիրեց մայիսյան հերոսամարտի մասնակիցներ Հովհաննես Բաղրամյանի անձնական նամակը և Զեյթունի գնդի գրագիր Արամայիս Հարությունյանին պատկանող փաստաթղթեր' ծառայողական ցուցակը, 1915 թվականին արված լուսանկարը և այլն:
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-27-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Հայկական ուժերին հաջողվել է ջախջախել թուրք հրոսակներին: Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։
1968 թ. կառուցված Սարդարապատի հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։