Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրենսդրական փաթեթ է մշակել, որով առաջարկում է ավելացնել ՄԻՊ լիազորությունները: Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մենք այդ փաթեթը կներկայացնենք արդարադատության նախարարություն և կփորձենք կառավարության հետ համատեղ քննարկել և կյանքի կոչել այն: Օրենքը մեզ հիմա էլ որոշ դեպքերում լիազորություն տվել է, սակայն տեքստում թերացում կա, ինչի պատճառով մենք չենք կարողանում իրականացնել այդ լիազորությունները: Մենք նախ կփորձենք կարգավորել այս խնդիրները»,- ասաց նա:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ այս պահին իրեն գերլիազորություն է տրված իրականացնել բռնությունների կանխարգելման մեխանիզմը, սակայն ինքը ցանկանում է այստեղ ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին: «Ես ցանկանում եմ, որ մենք այս հարցում համատեղ աշխատենք հասարակական կազմակերպությունների հետ, որովհետև հիմա նրանք իմ կամքով այս ոլորտում աշխատում են, սակայն մտահոգված են, որ կարող է մեկ ուրիշ մարդ գալ և իրենց դուրս թողնել: Հիմա մենք պետք է այնպես անենք, որ իրենց տեղն այդ գործում ամրագրվի»,- նշեց Անդրեասյանը;
Խնդիրներ կան խտրականության դեպքերի հետ կապված, քանի որ ՄԻՊ-ը խտրականության դեպքերին ընթացք տալու լիազորություն չունի: Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ երբ իրեն դիմում են հարցով, որ իրենց աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ տարեց են կամ ազատել են աշխատանքից, որովհետև կին է, կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, ինքը լիազորություններ չունի, որպեսզի արձագանքի նման դեպքերին: