Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միասնական տարածք են. երկու հայկական պետություն, սակայն միասնական տնտեսական, կրթական և մշակութային, նաև միասնական պաշտպանական տարածք են, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նման տարբերակը մեզ համար անընդունելի է, և ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում բնակվող և աշխատող, հատկապես քաղաքականությամբ զբաղվող որևէ գործչի համար դա տարբերակ լինի: Չեմ պատկերացնում մի գործչի, ով կարող է նման աբսուրդային տարբերակը լուրջ ընդունել, և դա քննարկման առարկա դարձնել»,- ասաց Աշոտյանը:

 

Աշոտյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ շատ լավ հասկանալով դրա հետևանքները: «Ակնհայտ է նաև մեր հանրապետության ներսում գտնվող քննադատների համար, որ եթե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը վատ լիներ, կործանարար լիներ, ապա Ադրբեջանի իշխանությունները հաճույքով կհետևեին, թե ինչպես է Հայաստանը սխալ ընտրություն կատարում և գնում դեպի կործանում»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ նրանք լավ են հաշվել Հայաստանի համար բոլոր դրական հետևանքները, որոնք կարող ի հայտ կգան Եվրասիական միությանն անդամակցելուց հետո և ամեն ինչ անում են դա կանխելու համար:

 

ՀՀԿ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանին չի հաջողվելու կանխել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանի որ դա Ադրբեջանից չի կախված: «Ես կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշած ժամկետներում կկատարի բոլոր քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը և արդեն 2015թ. հունվարից դառնալ այդ կառույցի լիիրավ անդամ»,- նշեց Աշոտյանը:

 

Նախարարը չի կարծում, որ այն, ինչ հնչել է Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար: Նա հիշեցրեց, որ թե′ Ռուսաստանը, թե′ Բելառուսը, թե′ Ղազախստանը բազմիցս նշել են իրենց շահագրգռությունը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները' շատ կոնստրուկտիվ լինելով մեր գործընկերների հետ, այս պարագայում խարսխված են Մոսկվայի հետ ունեցած մեր գերակա հարաբերությունների վրա»,- ասաց նա:

 

ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ սովորաբար նման միություններում լինում է առաջնորդող ուժ, սակայն Եվրասիական միության մեջ գործընկերները հավասար են և չկա նույնիսկ Ռուսաստանի գերիշխանությունը: Աշոտյանը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկումների փուլով տանել և համարժեք ու սիմետրիկ հարաբերություններ կառուցել իր գործընկեր երկրների հետ: «Սա էլ իմ պատասխանն այն քննադատություններին, որ փոքր Հայաստանը մի տարածքում, որտեղ կա մեծ Ռուսաստան, մեծ Ղազախստան և նաև մեծ Բելառուս, կարող է կորցնել իր դերակատարությունը՝ որպես տարածքով և բնակչությամբ անելի փոքր պետություն»,- նշեց նա:

 

Արմեն Աշոտյանը զարմանք հայտնեց, որ Աստանայում կայացած նիստից հետո լրատվական անհանգստություն հայտնում էին այն շրջանակները, որոնք չէին ողջունում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեական միությանը: Ըստ նրա՝ այնպիսի մտահոգություն էին հայտնում, որ տպավորություն էր ստեղծվում, որ ոչ թե Հայաստանի իշխանություններն են կայացրել ԵՏՄ-ին անդամակցելու որոշում, այլ արևմատամետ և լիբերալ շրջանակները: Աշոտյանը կոչ արեց հասկանալ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտնվում է վստահելի ձեռքերում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքերում: