Ադրբեջանը հանդես է եկել զավեշտալի հերթական ռասիստական դրսեւորմամբ, որը թուրք-ադրբեջանական նոր սկանդալի առիթ է դարձել: Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել թուրքական «Ռայնա» սպորտային ակումբի մարզչին այն բանի համար, որ նրա ազգանունը հայկական հնչեղություն ունի: Այս մասին հայտնում է թուրքական canlihaber.com լրատվական կայքը:

 

Ադրբեջանում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար մայիսի 21-ին թուրքական «Ռայնա» ակումբի մարզիկների թվում Բաքու ժամանած Զաֆեր Նոյանին օդանավակայանից մի այլ ինքնաթիռով հետ են ուղարկել Ստամբուլ' հայտարարելով, թե նրա ազգանունը հայկական է: Դիարբեքիրցի երիտասարդի բացատրությունը, որ ինքը ազգությամբ հայ չէ, հայկական չէ նաեւ իր ազգանունը, չի օգնել: Ամեն ինչում հայկական հետք որոնող պետական հայատյաց քաղաքականության գերի օդանավակայանի աշխատակիցները թուրքին «հայ» են դարձրել եւ վռնդել երկրից:

 

«Ռայնա» ակումբի ղեկավար Յուսուֆ Այդեմիրը ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրենք ցնցված են ադրբեջանական իշխանությունների նման պահվածքով: Այդ զավեշտալի փաստը մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում: