Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հայտարարություն, որով դատապարտում է Բաքբի օդանավակայանում հայկական ազգանանուվ 8-ամյա երեխային անազատության մեջ պահելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են (տես' այստեղ): Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ:

 

 

Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես' երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:

 

 

Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում' մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում»: