Աբխազական ընդդիմության գլխավոր պահանջը նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընդդիմադիրների առաջնորդ, հանրապետության նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան:
«Նախագահի հրաժարական՝ առաջին հերթին: Իսկ մնացած ամեն ինչ շղթայի օղակներն են»,-նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Խաջիմբան, որը նախօրյակին ընտրվել է ընդդդիմադիր «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդի» ղեկավար, ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է: «Առայժմ խոսակցությունը, ինչպես ասվում է, շարունակվում է: Թե ինչ արդյունք կլինի, ցույց կտա ժամանակը»,-ասել է նա:
Խաջիմբայի խոսքով՝ այժմ հանրապետությունում իրադրությունը նորմալ է:
«Իրադրությունը հանգիստ է, ոչ մի էքսցես»,-ասել է նա:
Ինչպես արդեն հաղորդվել է, Աբխազիայի ընդդիմությունն իր կողմից ստեղծված «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդին» հանձնարարել է կատարել պետական կառավարման բարձրագույն մարմնի գործառույթները և իր աշխատանքը համաձայնեցնել խորհրդարանի հետ:
Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը ընդդիմության բողոքի ակցիաների պայմաններում որոշում է ընդունել հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին և առաջարկել է Աբխազիայի նախագահին կամավոր վայր դնել լիազորությունները: Բացի «ժամանակավոր խորհրդից», աբխազական ընդդիմությունը մտադիր է երկու օրվա ընթացքում կազմել ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի մինչև նախագահական ընտրությունները, որոնք Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի դեպքում կանցկացվեն երեք ամսվա ընթացքում:
Մինչդեռ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարվել է պաշտոնաթող անել կառավարությանը և հայտարարել, որ վայր չի դնի իր լիազորությունները: