Հայաստանում հանգրվանած սիրիահայերի աշխատանքի խնդիրները գրեթե լուծված են: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Թեպետ սկզբնական շրջանում նրանք չէին ցանկանում աշխատել' մտածելով, որ շուտ հետ են վերադառնալու Սիրիա, սակայն հետո հասկացան, որ դեռ երկար են մնալու, ուստի սկսեցին բնակարաններ գնել, աշխատանք փնտրել և բիզնես ստեղծել»,- ասաց նախարարը:
Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայերը փոքր և միջին բիզնեսի ոլորտում իրենց փայլուն են դրսևորում: Նրա խոսքով' ավելի քան 70 մարդ իրենց սեփական բիզնես-ծրագրերն իրականացնելու համար վարկեր են ստացել, իսկ այս պահին նրանց բիզնեսը կայացած է և առաջ է գնում:
Նախարարը, սակայն, ցավով նշեց, որ շարունակում է չլուծված մնալ սիրիահայերի բնակարանների խնդիրը: Նա տեղեկացրեց, որ Նոր Հալեպ ծրագրով 625 սիրիահայ հերթագրվել են բնակարան ունենալու համար, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն գումարներ վճարել, հանգանակություններն էլ այնքան չեն, որ կարողանան սկսել: Հակոբյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ պատրաստ է. եթե գումարներ հայթայթվեն, կկարողանան սոցիալական բնարաններ կառուցել, իսկ եթե իրենք կարողանան մի քիչ ոտքի կանգնել և վարկ վերցնել կամ գումար ներդնել, ապա ծրագիրն իրականություն կդառնա:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում այսօր 12 հազար սիրիահայեր կան, և նրանց բոլոր խնդիրները, որոնք կապված են կրթության, մշակույթի, առողջապահության, մուտքի, ելքի փաստաթղթավորման, տրանսպորտի և այլի հետ, լուծված են անվճար: