Շիրակի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Վերջիններս լրագրողներին տեղեկացրին, որ աղետի գոտու խնդիրը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ուշադրության ներքո:
«2015 թվականի պետական բյուջեով ևս գումարներ են նախատեսված վերականգնողական աշխատանքների համար, անշուշտ, հիմնականում շերտադրումը տարվում է բնակարանային պահանջները բավարարելու խնդրին, իհարկե, դեռ հետագայում քննարկելու խնդիրներ ունենք, քանի որ որոշակի ընտանիքներ դուրս կմնան ծրագրից: Հատկապես կարևոր է մեր համար նաև քաղաքի վթարային շենքերի խնդիրը, որոնց թիվը 88 է: Գյումրիում ունենք նաև սոցիալական բնակարանաշինության խնդիր, և ամենակարևորը՝ գործազրկության խնդիրը, որն անընդհատ ձգձգվում է: Կարևոր է, որ հիմա կարողանանք անհատներին ու գործարարներին աջակցել, որպեսզի կարողանան աշխատատեղեր ստեղծել: Պետք է փորձենք ամենատարբեր եղանակներով ու ձևերով գտնել ելքեր՝ աշխատատեղերի ստեղծման՝ ոչ միայն Գյումրիի, այլ նաև ամբողջ Շիրակի մարզի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սուքիաս Ավետիսյանը:
«Որոշակի ձեռքբերումներ ունենք: Այլ հարց է, թե այդ ձեռքբերումների ժամկետների հետ կապված ինչքանով է այսքան ուշացումն արդարացված: Գյումրիի համար հիմնական խնդիրը բնակարանաշինությունն է, այս խնդիրն ասես թե լուծվում է, մյուս ամենակարևոր խնդիրը սոցիալականն է, մարզը համարվում է ամենաանապահովը և, այդ առումով, մարզի համար թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի խնդիրն է: Մենք պետք է կարողանանք աշխատատեղերի հարցը լուծել: Ցավոք, այս պահի դրությամբ ճանապարհը չենք տեսնում այդ հարցը կարգավորելու, բայց, հուսանք, ինչ-որ բան կստացվի»,-ավելացրեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: