Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և ապագայում մեծ ուշադրություն է դարձնելու այդ խնդրին: Այդ մասին վարչապետը նշեց Արագածոտնի մարզի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին հորդորեց ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր, որը կիրականացվի ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: «Ապագայում կառուցվելիք յուրաքանչյուր կառույցում պետք է պայմաններ ստեղծվեն նաև հաշմանդամների համար: Յուրաքանչյուր կառույց նախագծելիս պետք է հաշվի առնվի նաև հաշմանդամնմերի խնդիրը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջեց կենտրոնով, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Կենտրոնին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Արմեն Մուրադյանի խոսքով, կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով: Կենտրոնն ունի նաև գերժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա:
«Մենք կարևորում ենք մեր երկրում նման հաստատությունների առկայությունը և պատրաստ ենք աջակցել տարբեր հարցերում»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հաստատությունը հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի, արտթերապիստի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները կկարողանան հանգստանալ նաև իրենց համար հարմարեցված ննջասենյակներում:
Բժշկական կենտրոնի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար: