Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզ՝ եղել սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների' մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի: Հովիկ Արբրահամյանը հանձնարարել է, որպեսզի ճանապարհահատվածն ամբողջովին շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ:

 

Ներկայում ճանապարհի հողային աշխատանքների 90 տոկոսն ամբողջությամբ ավարտված է, մոտ 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների կողմից:

 

Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է, այն կառուցվում է անվտանգության նկատառումներով, քանի որ ներկայում շահագործվող ճանապարհը գտնվում է հակառակորդի կրակի հասանելիության գոտում:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է Մովսես համայնք, այցելել է տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, զրուցել բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին:

 

Դիմելով մովսեսցիներին՝ վարչապետը նշել է. «Մենք ձեզ համարում ենք սահմանապահներ և մեծապես կարևորում ենք ձեր ներկայությունն այս համայնքում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր հարցում լինելու ենք ձեր կողքին: Պետք է խնդրեմ, որպեսզի չհուսահատվեք, չհուսալքվեք: Գիտեք՝ թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի մեր սահմանամերձ գյուղերը դատարկվեն, ժողովուրդը ստիպված լքի գյուղը. դա է իրենց ծրագիրը: Մենք ամեն ինչ պետք է անենք, աջակցենք ձեզ, որպեսզի կարողանաք դիմակայել: Սահմանամերձ գյուղերին ես միշտ ասում եմ սահմանապահ գյուղեր: Իհարկե մենք մեր բանակով ապահովելու ենք ձեր անվտանգությունը, բայց ձեզնից շատ բան է կախված, որպեսզի կարողանաք դիմակայել: Մենք ունենք նաև բազմաթիվ արտաքին ու ներքին խնդիրներ, բայց փորձելու ենք դիմակայել այդ մարտահրավերներին, և այստեղ շատ կարևոր է մեր ազգաբնակչության, սահմանապահ գյուղերի մարտունակ ոգին, նվիրվածությունը մեր երկրին ու հողին»: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ առաջնահերթություն է տրվելու սահմանապահ գյուղերին և գործադիրը փորձելու է բազմաթիվ ծրագրերով աջակցել նրանց:

 

Անկաշկանդ զրույցում մովսեսցիները բարձրացրել են տարբեր՝ կոմբայնի բացակայության, ոռոգման ջրի, գազամատակարարման սպասարկման համար վճարվող գազի տարեկան, սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վարձերին, համայնքի մանկապարտեզը գույքով համալրելուն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նախ տեղեկացրել է, որ կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել՝ Մովսեսին նոր կոմբայնով ապահովելու համար: Անդրադառնալով գազամատակարարման սպասարկման դիմաց վճարվող տարեկան վարձին՝ վարչապետը խոստացել է տրամադրել այդ գումարը և լուծում տալ մանկապարտեզը գույքով ապահովելու խնդրին:

 

Կառավարության ղեկավարը խոստացել է, որ սահմանամերձ համայնքների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձն այսուհետ կփոխհատուցի կառավարությունը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նաև պատկան մարմիններին՝ առաջիկայում քննարկել Մովսեսի ոռոգման ջրի խողովակաշարի անցկացման հարցը, ներկայացնել նախահաշիվ ու համապատասխան նախագիծ:

 

Կառավարությունն առաջիկայում կքննարկի նաև սահմանամերձ համայնքների բնակիչներին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներն առաջնահերթ կերպով հատկացնելու հնարավորության հարցը:

 

Մովսեսից վարչապետն ուղևորվել է Վերին Կարմիրաղբյուր համայնք, որտեղ ևս հանդիպել է տեղի բնակիչներին: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ համայնքն առաջիկայում կհամալրվի նոր կոմբայնով: Բնակիչները բարձրացրել են տարբեր արտոնություններից օգտվելու մասին հարցեր, ինչին ի պատասխան՝ վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել հարցը, որպեսզի Վերին Կարմիրաղբյուրը ևս ընդգրկվի սահմանամերձ գոտիների ցանկում:

 

Ամփոփելով այցը՝ լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է. «Սահմանամերձ գոտիներում աշխատանք կատարվում է, օրինակ Վերին Կարմիրաղբյուրում այժմ ընթացքում է 4 ծրագիր: Միաժամանակ, մենք պարտավոր ենք պարբերաբար այցելել սահմանապահ գյուղեր: Այս մարդիկ համարձակ են, քանի որ ապրում են կրակի ներքո և այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք լինենք նրանց կողքին: Եվ Մովսեսում, և Վերին Կարմիրաղբյուրում պետք է իրականացնենք ծրագրեր, ժամկետների առումով կանցկացնենք խորհրդակցություն և ըստ ժամանակացույցի՝ ինչ որ խոստացվել է՝ կիրականացվի: Պետք է նաև այնպիսի ծրագրեր իրագործենք, որոնք կստեղծեն աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները չլքեն համայնքը: Ես դեմ եմ, որպեսզի որևէ սահմանամերձ գյուղ դատարկվի, եթե նույնիսկ աշակերտների թիվը պակասի՝ պետք է լրացուցիչ ֆինանսներ հատկացնենք՝ դպրոցը պահպանելու համար: Կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի մեր սահմանապահ բոլոր գյուղերին»: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գոտու բնակիչներին՝ հակառակորդի կրակից տուժած բնակարանների վերանորոգման հարցում: