Եզրափակելով երկօրյա աշխատանքային այցը Տավուշի մարզ' ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է նաև Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԱԻ նախարարությունից, Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ սահմանամերձ համայնքները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

 

Գյուղապետի խոսքով' ազգաբնակչության պաշտպանության տեսանկյունից գյուղի առաջնային խնդիրներից է բազմաբնակարան շենքերի բնակիչների համար ապաստարանների կաոուցումը: «Ցանկանում եմ համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել և հակահրդեհային ներկանյութով են պատվել գյուղի մանկապարտեզի և դպրոցի տանիքները»,- նշել է գյուղապետը:

 

 

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նախարարին տեղեկացրել է, որ գյուղը կարիք ունի ոռոգման ջրի համակարգի բարելավման ու գյուղտեխնիկայի խնդիր: «Չնայած սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքին՝ վերջին քսանհինգ տարվա ընթացքում գյուղից արտագաղթ գրեթե չի եղել: Թշնամու գնդակոծություններից չերկյուղելով գյուղացին տքնաջան աշխատում է, սակայն ունի ոռոգման ջրի և գյուղտեխնիկայի պակաս:

 

 

Պաշտոնատար անձանց հաճախակի այցերը մեծ ոգևորություն են առաջացնում բնակչության շրջանում և բարձրացնում նրանց մարտական ոգին, քանի որ գյուղն իսկապես ունի ուշադության կարիք: Ուստի շնորհակալ ենք, Ձեզ մեր համայնք այցելելու և բնակիչների հոգսերին անձամբ ծանոթանալու համար»- նշել է Մանվել Կամենդատյանը: Գյուղապետն շեշտել է նաև համայնքի դպրոցի շուրջ պաշտպանիչ պարսպի կառուցման անհրաժեշտությունը:

 

 

Ծանոթանալով գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ նախարարությունը միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում: «Բարձրացված բոլոր հարցերը կուսումնասիրվեն անձամբ իմ հսկողությամբ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սահմանամերձ գյուղերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք հեռանկարում ունենք մի նախագիծ, որի շնորհիվ սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր»- ընդգծել է նախարարը: