«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներ անցկացրեց Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Բագրատաշեն եւ Այրում բնակավայրերում: Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը տարածքային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել:
Նախընտրական հանդիպումների շարքը մեկնարկեց հենց Տավուշից, և դա պատահական չէ՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ մարտահրավերները, որոնց հետ յուրաքանչյուր օր բախվում է տավուշցին, և այն հիմնահարցերը, որոնք տարիներ շարունակ չեն գտնում իրենց լուծումը: Տավուշի մարզը, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, 125.600 բնակիչ ունի, անցած 2015թ-ին բնակչության թվի բնական աճ գրեթե չի ունեցել: Տավուշի մարզում ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավելի է եղել ընդամենը հինգով:
Եվ այս պատկերը դեռևս ահազանգ չի դարձել պատկան մարմինների համար… Գագիկ Ծառուկյանի այցը նոր հույս հաղորդեց սահմանամերձ շրջանի բնակիչներին, որ անհնարին ոչինչ չկա, բավական է միայն ցանկություն, կամք և առկա խնդիրների լուծման օպտիմալ մոդելների մշակում՝ ինչն էլ առաջարկում է «Ծառուկյան» դաշինքը: Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ քարոզարշավը սկսում են Տավուշի մարզից, քանի որ շատ լավ գիտեն, որ պետության հզորությունը կախված է ապահով ու անվտանգ սահմանից: Սահմանին ապրող մեր քաղաքացիները ոչ միայն բերք ու բարիք ստեղծող են, այլ՝ սահմանապահներ: Այդ իսկ պատճառով «Ծառուկյան» դաշինքը յուրահատուկ ուշադրություն է հատկացնում սահմանամերձ գոտիներին՝ դրանց զարգացումը համարելով առաջնահերթ խնդիր:
Բերդում տեղի ունեցած հանրահավաքում ելույթից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին երկարատև լսում էր հավաքված մարդկանց խնդրանքները: Ինչպես և սպասվում էր՝ բազմաթիվ խնդիրներ նույն պահին ստացան իրենց լուծումները՝ փոքր ինչ թեթևացնելով սահմանամերձ շրջանի բնակիչների հոգսերը:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նոյեմբերյանցիների հետ։ Այս հանդիպումը քարոզարշավային ոճից տարբերվում էր. այն համեմված էր հումորով, հուզումնալից պահերով։ Ծառուկյանը խոստացավ այս տարի ևս նոյեմբերյանցիների խաղողը մթերել բարձր գնով: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուները բնակչությանը մանրամասնորեն ներկայացրին ծրագրային այն դրույթները, որոնք միանշանակ կերպով զարկ կտան գյուղատնտեսությանը, կստեղծեն նոր աշխատատեղեր, կկասեցնեն հսկայական ծավալների հասած արտագաղթը: Ինչ խոսք, նոյեմբերյանցիները նոր չէ, որ պետք է ծանոթանան Գագիկ Ծառուկյանի գործունեությանը , վերջինս մշտապես եղել է սահմանամերձ այս քաղաքի բնակիչների կողքին՝ պատրաստակամ լինելով օգնել և աջակցել նոյեմբերյանցուն: Եվ դա է պատճառը, որ Ծառուկյանին այստեղ ընդունեցին աղ ու հացով՝ ի նշան մեծ երախտագիտության և հարգանքի:
«Ծառուկյան» դաշինքի հրապարակած նախընտրական ծրագրում կարևոր տեղ է հատկացվել հենց մարզային հիմնախնդիրների լուծմանը: Մարզերում ապրող մեր հայրենակիցների համար հարկավոր է ստեղծել ապրելու և աշխատելու արժանապատիվ պայմաններ՝ ինչի մասին բազմիցս խոսել է հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան» դաշինքի ծրագրում ֆիքսված է, որ հանրապետությունում գործող շուրջ 320.000 գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը «վարկերի տակ են», իսկ դրանց սուբսիդավորումն աննշան է:
Այդ իսկ պատճառով, անչափ կարևորվում է պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Այդ պարագայում գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը: Բացի այդ Ծառուկյան դաշինքը առաջարկում է գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ, ինչը էապես կնպաստի մարզերում գյուղատնտեսության զարգացմանը, հետևաբար՝ նաև մարզի բարգավաճմանը. Գագիկ Ծառուկյանը այն գործիչն է, ով անցել է երկար ճանապարհ, քաջ ծանոթ է աշխատավոր մարդու յուրաքանչյուր խնդրին, և ունի այդ խնդիրների լուծման բանալիները, ինչում այսօր համոզվեցին «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին եկած հարյուրավոր տավուշցիներ:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ