Ստամբուլի ոստիկանությունը փակել է դեպի Գեզի տանող մուտքերն ու ճանապարհները' նպատակ ունենալով կանխել հնարավոր բողոքի ցույցերն այս տարածքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Գեզիի հարակից շրջաններում ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներից մեծ թվով թուրք ոստիկաններ են բերվել:

 

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ստամբուլի անվտանգության վարչությունն արգելել է որևէ հավաքի իրականացումը Թաքսիմի հրապարակում: Միաժամանակ անվտանգության վարչությունը Թաքսիմում, Շիշլիում և Բեշիքթաշում 25 հազար ոստիկան և ջրաշիթեր նետող 50 մեքենա է տեղակայել:

 

Նախատեսվում է, որ բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի կունենան ինչպես Ստամբուլում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում' ներառյալ մայրաքաղաք Անկարան, Իզմիրը, Անթաքիան:

 

Նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երիտասարդությանը կոչ էր արել չմասնակցել Գեզիի դեպքերի առաջին տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

Թուրքիայում անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ 2013 թվականի մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին. այգու ծառերի մի մասը պետք է կտրվեր կառավարության որոշմամբ' հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ակցիանվերածվել էր հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհություն էին հայտնել իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության կապակցությամբ և պահանջել կառավարության հրաժարականը: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում 6 մարդ զոհվել, 8000-ից ավելին' վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել էին: