Հայաստանում գյուղական համայնքներից մինչև քաղաքային շրջանները կարող են դառնալ էներգախնայողության ծրագրի շահառու, որով հնարավոր կլինի տեղերում նվազեցնել էներգակիրների ծախսերը: Այս մասին Էջմիածին քաղաքում Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի' քաղաքային ու գյուղական համայնքների ղերկավարների մասնակցությամբ նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հ իմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: «Էներգախնայողության ծրագիրը նպատակ ունի կրճատել էներգասպառումը պետական և համայնքային շենքերում և փողոցային լուսավորության համակարգերում' իրականացնելով էներգախնայողության միջոցառումներ: Ծրագրի շահառուներ կարող են լինել պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև անմիջականորեն համայնքները»,- հայտնեց Թամարա Բաբայանը:

 

Համայնքներից մեկի ղեկավարի հարցին ի պատասխան, թե արդյոք արտաքին լուսավորության ցանցի փոփոխություն նախատեսվում է ծրագրին մասնակցությամբ' Թամարա Բաբայանը նշեց. «Ցանկացած ծրագիր, որ անում ենք, հատուկ համայնքի համար է նախատեսվում: Մենք տեղեր ունենք, որ բավականին լավ է, օրինակ, լարերի, լուսային համակարգերի վիճակը, տեղեր ունենք, որ փոխում ենք ամբողջական ցանցը' սյուներով, նոր հաշվարկված լուսավորության ստարնդարտներով: Փոփոխությունները կախված են տվյալ համայնքում լուսավորության համակարգի վիճակից»,-հայտնեց հիմնադրամի տնօրենը:

 

Շենքերում իրականացվող միջոցառումների վերաբերյալ Թամարա Բաբայանը հայտնեց, որ դրանք ծրագրի մեջ կարող են ներառվել, եթե վթարային չեն: «Կարևոր է իմանալ' գործը, որ կատարվում է, անվճար չէ, տարիների ընթացքում կառույցը պետք է վերադարձնի ներդրումները կատարված խնայողությունների հաշվին: Մենք մարման ժամկետն այնքան ենք սահմանում, որ հնարավոր լինի վերադարձնել: Լուսավորության համար մաքսիմումը յոթ տարի է, շենքերի դեպքում' տասը տարի»,-նշեց նա' հավելելով, որ իրենք բոլոր հաշվարկները, գնահատումները տալիս են ծրագրին մասնակցել ցանկացողներին, որպեսզի դրամաշնորհային միջոցներ հայթայթելու դեպքում մասնակցեն:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենը, խոսելով իրենց գործունեության արդյունքների մասին, նշեց, որ խնայողությունները սպասվածից էլ ավելին են լինում: «Կատարվող միջոցառումների արդյունքում միջինում 55 տոկոս խնայողություն է ապահովվում: Այսօր ներդրում անելով ջերմամեկուսացման մեջ, այսինքն' պատերի ջերմամեկուսացում, տանիքի, պատուհանների փոխարինում, ջեռուցման համակարգի վերականգնում, մենք խնայում ենք ընթացիկ ծախսերը գազի, էլեկտրաէներգիայի համար»,-հայտնեց Թամարա Բաբայանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է' քաղաքաշինության նախարարությունը աշխատում է նոր կառուցվող շենքերի համար շինարարական ստանդարտները պարտադիր դարձնելու ուղղությամբ, որի ժամանակ հաշվի են առնվում էլեկտրախնայող մի շարք միջոցներ:

 

Թամարա Բաբայանը հայտնեց նաև, որ առաջիկայում Հայաստանում հնարավոր են վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացումներ գրանցվեն, մասնավորապես, արևային ֆոտովոլտայիկ կայանների ստեղծման ուղղությամբ: «Նախատեսում ենք մասնավոր ներդրողների միջոցով իրականացնել մեգավատանոց կայանների կառուցում: Այս պահին մի ծրագիր ենք ներկայացրել ֆինանսավորման, հունսի 27-ին խորհրդի նիստ է լինելու, հաստատվելու դեպքում մեկ տարվա ընթացքում կնախապատարստվի և առաջիկա վեց տարիներին 40-50 մեգավատանոց արևային կայանների կառուցում ենք նախատեսում: Այս առումով ամենախոստումնալիցը Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերն են»,-ասաց Թամարա Բաբայանը' հավելելով, որ կլինեն ներդրումային փաթեթներ, որոնք կփոխանցվեն մասնավոր հատվածին: Նախատեսվում է այնպիսի տարիֆ սահմանել, որ այն և ներդրողին հետաքրքիր և գրավիչ լինի, և ժողովրդի տեսանկյունից շահավետ լինի:

 

Ծրագիրն սկսվել է 2012 թ. օգոստոսի 10-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 9.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որից 1.8 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվել է Համաշխարհային բանկի միջոցով, իսկ 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվել է ՀՀ պետական միջոցներից: