«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2018 թ. հուլիսի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված բիզնես-ֆորում: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:
«Ֆորումին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանում աշխատող, կայացած հայ ինչպես նաև ռուս գործարարներ:
Ֆորումի նպատակն է ապահովել հայ գործարարների ակտիվ մասնակցությունը համազգային անվտանգության ապահովման կարևորագույն առաջնահերթություններից մեկի` ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը:
Ֆորումն անց է կացվում Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ, Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, որոնք ի պաշտոնե հանդիսանում են նշված հարցում շահագրգիռ նախարարությունների փոխնախարարներ:
Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու ՀՀ Օրենքի, Հայաստանի ներդրումային միջավայրի, ինչպես նաև ծագած այլ հարցերի մասին Ֆորումի մասնակիցներին համապարփակ տեղեկատվություն կտրվի միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից:
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայ գործարարներին ակտիվորեն մասնակցել ֆորումի աշխատանքներին: Բիզնես-ֆորումը կկայանա «Ազիմուտ Օլիմպիկ Մոսկվա» հյուրանոցի դահլիճում: Հասցեն` Օլիմպիական պողոտա 18/1 (Олимпийский проспект 18/1): Ֆորումի աշխատանքները կսկսվեն ժ. 11:00-ին»,- ասված է միության տարածած հաղորդագրությունում: