Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին:
Սննդամթերքի ծանրոցներ կտրվեն Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Վայոց Ձորի, Տավուշի, ինչպես նաև Արցախի 12 հազար ընտանիքի:
Մարդասիրական օգնություն կստանա 3000 ընտանիք Երևանում, 2000 ընտանիք Գյումրիում, 1500 ընտանիք Վանաձորում և Սպիտակում, 2500 ընտանիք Վայոց Ձորի քաղաքներում ու գյուղերում, 1000 ընտանիք Սյունիքում, 1000 ընտանիք Տավուշում և 1000 ընտանիք Արցախում:
Սննդամթերքն առաջինը ստացել են Երևանի անապահով ընտանիքները: Օգնությունը բաժանվել է վարչական շրջանների սոցիալական ծառայությունների միջոցով: Երևանի քաղաքապետը և մարզպետները տրամադրել են առավել կարիքավոր ընտանիքների ցուցակները: Դրանք հիմնականում միայնակ թոշակառուներ են, բազմազավակ կամ հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ և այլ սոցիալապես անապահով քաղաքացիներ:
Օժանդակության կազմակերպումն ու տեղափոխումը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանձնարարել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը:
Սննդամթերքի ծանրոցները պահպանվում են Երևանի մթերային պահեստներից մեկում, որը կահավորված է անհրաժեշտ պահեստարաններով և սառնարաններով: Օգտագործվում է բացառապես թարմ սննդամթերք: Փաթեթավորումը կատարում են ինչպես «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, այնպես էլ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական թևի կամավորները: Տեղափոխումն իրականացնում է «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը, որի հետ Ռուսաստանի հայերի միությունը համագործակցության պայմանավորվածություն ունի:
Հարկ է նշել, որ Երևանում արդեն երկար տարիներ գործում է նաև բարեգործական ճաշարան, որտեղ սովորական օրերին երեքանգամյա սնունդ էին ստանում շուրջ 200 անապահով քաղաքացիներ, միայնակ թոշակառուներ: Հիմա՝ արտակարգ դրության և կարանտինի պայմաններում, ճաշարանին կից գործում է սննդամթերքի առաքման ծառայություն, որն այդ մարդկանց 10 օր պարբերականությամբ այդ ժամանակահատվածի համար նախատեսված մթերք է տալիս: