Ռուսաստանի հայերի միությունն իր խորին վշտակցությունն է հայտնել ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվայից Երևան ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի առնչությամբ, որը 8 մարդու կյանք է խլել:

 

Միությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միջադեպի վայրում գործում է Ռուսաստանի հայերի միության շտաբը, որի գործունեությունը ղեկավարում է միության նախագահ Արա Աբրահամյանը:

 

«Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ պետական օրգանների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պայմաններում իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ տուժածներին և նրանց բարեկամներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ռուսաստանի հայերի միությունը ցավակացում է զոհերի հարազատներին ու մերձավորներին և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի: Տուժել է 43 ՀՀ քաղաքացի: