Շինարարության և բարեկարգման վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին ավարտվել են փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկի ուղղությամբ և ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքների մասով զեկուցվել է, որ Կոմիտասի անվան թանգարանի հարակից տարածքում նշված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, իսկ զբոսայգու մնացած տարածքի բարեկարգման համար պատրաստվել են նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում ճանապարհի նստվածքի հետևանքների վերացման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ և հնարավորին սեղմ ժամկետում տարածքը բերել պատշաճ տեսքի:
Կիրճի վերոնշյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: