Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 30-31-ին զուգահեռաբար ընթացած ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան:

Ազատ ոճի ըմբշամարտի «Sassari city» անվանումը կրող մրցաշարում, որն այս տարի կազմակերպվել էր 19-րդ անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավեցին 1-ին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)՝ 3-րդ տեղերը: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Իտալիայում հանդես եկավ գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը' նվաճելով 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նույն քաղաքում ու մարզասրահում արդեն 33-րդ անգամ կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Milone Trophi» անվանումը կրող հեղինակավոր մրցաշարում մեր ըմբիշներից հաղթողներ դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային կարգի ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 85 կգ քաշային կարգի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հունահռոմեական ոճի ըմշամարտի ՀՀ հավաքականը նման հաջողություննների հասավ ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ և թիմային հաշվարկում գրավեց 2-րդ տեղը: