Աշխարհը պատրաստվում է տարվա կարևորագույն միջոցառումներից մեկին' Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի 2014թվականի աշխարհի առաջնությանը: Միլիոնավոր զբոսաշրջիկներ կժամանեն Բրազիլիայի շուրջ 12 քաղաքներ' մասնակցելու Աշխարհի առաջնության մրցախաղերին: Սակայն առաջնությանը Հայաստանից մասնակցող ֆուտբոլասերների թիվը շատ փոքր է: «Ցավոք սրտի, Հայաստանից միայն 10 մարդ է դիմել մուտքի վիզա ստանալու համար, որոնցից երկուսը հաղթողներ են և մեկ կամավոր»,- հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Ըստ դեսպանի' հյուրընկալող երկիրն ակտիվորեն պատրաստվում է միջազգային միջոցառմանը. մասնավորապես կառուցվել են նոր մարզադաշտեր, վերակառուցվել հները, բարելավվել ենթակառուցվածքները: Միայն երկու մարզադաշտ է, որ դեռ պատրաստ չէ խաղին: Մյուս մարզադաշտերի կառուցումն ավարտվել է և անգամ մարզումներ են անցկացվել: Դեսպանը նշեց, որ Բրազիլիայի իշխանությունները հուսով են ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությունում վաստակել 3 միլիարդ դոլար, որոնք կտրամադրվեն ենթակառուցվածքների բարելավման, նոր աշխատատեղերի բացման, զբոսաշրջության զարգացման և սոցիալական այլ ծրագրերի իրականացման համար: «Մենք հավատում ենք, որ առաջնությունը հյուրընկալելու համար կատարված բոլոր ծախսերը կարդարացնեն իրենց, բրազիլացի ժողովրդի համար իրական տոն ապահովելով: Նախորդ 5 առաջնությունները հյուրընկալելու փորձը ցույց է տալիս, որ դա մեծ ներդրում է մեր երկրի համար»,- ասաց դեսպանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ը ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է, որի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում։