Մայիսի 25-31-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձից հետո, մամուլում հայտնվեցին կարծիքներ, որ ադրբեջանցիների վերջին օրերի ակտիվությունը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հետ, որտեղ վերջինս ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:
Լուրեր.com-ի հետ զրույցում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ «Ադրբեջանի վերջին ակտիվություն» ասելը ճիշտ որակում չէ, քանի որ «վերջին ակտիվությունը» տևում է արդեն բավական երկար ժամանակ:
«Ժամանակ առ ժամանակ, անգամ տարիների կտրվածքով, այդպիսի ակտիվություն լինում է: Բնականաբար, այսպիսի ակտիվություն մենք կարող ենք նկատել ինչ-որ կարևոր իրադարձություններից առաջ' նախագահական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, համանախագահների այց: Այս ամենը պարզապես մի փորձ է հանրության ուշադրությունը շեղել դեպի արտաքին թշնամին:
Ի վերջո նրանց ԶԼՄ-ներում հայտարարում են, թե Հայաստանն է դիվերսիոն գործողություն կատարել, այնպես որ զարմանալի չէ, տեղեկատվական դաշտում գնում է լուրջ պայքար, երկու կողմն էլ միմյանց են մեղադրում:
Սա գուցեև կապ ունի Ուորլիքի հայարարության հետ, բայց ամեն դեպքում ես այդպես չեմ կարծում, քանի որ այս «վերջին ակտիվությունը», արդեն երկար ժամանակ է, ինչ կա: Դրանք անընդհատ կրկնվում են»,- ասաց Ասատրյանը:
Նշենք, որ Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած էր 6 կետից: Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: «Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ասել էր Ուորլիքը: