Երևանը գեղասահքի նոր դպրոց կունենա: Այն կբացվի 2015թ., իսկ այսօր' հունիսի 5-ին, դրա հիմնարկեքը կատարվեց հանդիսավորությամբ' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Երևանի նոր գեղասահքի դպրոցը կառուցվելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում: Դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր ակտիվ և անմիջական մասնակցությունն է ունեցել նաև գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Լրագրողների հետ զրույցում Ռոդնինան նշեց, որ գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը երկար տարիներ քննարկվել է, քանի որ Հայաստանից, Երևանից միշտ եղել են լավ գեղասահորդներ, սակայն Հայաստանում միշտ խնդիրներ են եղել սառույցի հետ: «Ես մեծ հույս ունեմ, որ այս նոր դպրոցը կօգնի Հայաստանում գեղասահքի ավանդույթների վերականգմանը, հնարավոր է մեծացնի նոր չեմպիոնների, որոնցով կհպարտանան երկիրը և քաղաքը»,- ասաց Ռոդնինան:

 

Նա նշեց, որ Երևանում գեղասահքի դպրոցի կառուցումն իր երազանքն էր, քանի որ նմանատիպ դպրոց կառուցելու ծրագիր է եղել նաև Մոսկվայում, ինչը, սակայն, իրականություն չի դարձել: «Սակայն երբեք պետք չէ հետ կանգնել սեփական նպատակների իրագործումից, և հենց դրա շնորհիվ ինձ հաջողվեց իմ երազանքը, իմ նպատակն իրականացնել այստեղ»,- նշեց նա:

 

Ռոդնինան ընդգծեց, որ գեղասահքի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ սահադաշտ, իսկ երկրորդ հերթին հարկավոր են որակյալ մասնագետներ: «Հայաստանում մասնագետների առկայության առումով իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն միշտ սահադաշտի խնդիր է եղել: Սա կլինի առաջին գեղասահքի դպրոցը, այս սահադաշտն առավոտից մինչև երեկո զբաղված կլինի: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ ոչ միայն գեղասահքը կզարգացնենք, այլ նաև հոկեյը: Այս դպրոցից ամեն օր կհնչեն մանկական ձայներ, ինչը կլինի լավագույն արդյունքը»,- ասաց նա' հավելելով, որ երբ ամեն ինչ արդեն պատրաստ կլինի Ռուսաստանից գեղասահքի շատ մարզիչներ կժամանեն, պարապմունքներ կանցկացնեն մարզիկների հետ, հայ մարզիչների հետ կկիսվեն իրենց փորձով:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գեղասահքի դպրոցի կառուցումը մեծ նշանակություն կունենա Հայաստանում գեղասահքի զարգացման գործում: «Բոլորս գիտենք, որ Երևանի Շենգավիթ համայնքում կա գեղասահքի դպրոց, սակայն այնտեղ պայմաններն այն չեն, շենքը քայքայվել է և վերանորոգման կարիք ունի: Սա արդեն ողջունելի քայլ է և սպասված ծրագիր էր բոլորիս համար: Ես շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բարերար Սերգեյ Համբարձումյանին՝ Երևանի համար այս խոշոր ծրագրի իրականացմանը ձեռք մեկնելու համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում Իրինա Ռոդնինային, ով իր անմիջական մասնակցությունն է ունենալու այս դպրոցի զարգացման գործում: Ցանկանում եմ շնորհավորել բոլոր երևանցիներին նման մարզադպրոց ունենալու առթիվ»,- ասաց Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետը նաև նշեց, որ զուգահեռաբար գործելու են նաև Կարապի լճի և Մարզահամերգային համալիրի սահադաշտերը, որոնք սեզոնային են և միայն ձմռանն են աշխատում: Բացի այդ՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ այդ երկու սահադաշտեր են այցելում ոչ միան պրոֆեսիոնալ մարզիկները, այլ սահելու սիրահար բազմաթիվ քաղաքացիներ, ուստի այդ սահադաշտերը միանշանակ շարունակելու են գործել:

 

Մոսկվայի «Մոն Արխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանը, ում միջոցներով Երևանում կկառուցվի գեղասահքի դպրոցը, նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ նմանատիպ մարզադպրոցի կառուցմանը: «Նախապես մենք քննարկում էինք նման մարզադպրոց կառուցել Ռուսաստանում: Չգիտեմ, թե ինչու դա տեղի չունեցավ, և մեզ համար մեծ պատիվ է, որ այս ծրագիրն իրագործում ենք Հայաստանում»,- ասաց նա:

 

Համբարձումյանն ընդգծեց, որ սա ոչ մեծ մարզադպրոց է Հայաստանի համար, սակայն սա միայն սկիզբն է: Գործարարը հույս հայտնեց, որ մի քանի տարի անց Հայաստանում սահադաշտեր ավելի շատ կլինեն: «Մենք լեռնային երկիր ենք, և ինչպես ավստրիացիներն ու շվեյցարացիները, մենք էլ պետք է մասնակցենք բոլոր ձմեռային օլիմպիադաներին և լավ հանդես գանք: Մենք արդեն սկսում ենք այս սահադաշտի շինարարական աշխատանքները և հույս ունեմ, որ հաջորդ տարվա սեպտեմբերին այն կհանձնենք շահագործման»,- ասաց նա:

 

Երևանում գեղասահքի դպրոցը կկառուցվի Մոսկվայի «Մոն Արխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար: Շինարարությունը սկսվում է 2014թ. հունիսին և նախատեսվում է ավարտել սեղմ ժամկետում՝ 2015թ.: Պատվիրատուն է «Բարեկեցություն» բարեգործական հիիմնադրամը, նախագծողներ՝ «Արբակ և որդիներ» ՍՊԸ և «HTC» ՍՊԸ: Շինարարությունն իրականացնում է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն: