Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուն, դատարանի որոշմամբ, ստիպված կլինի հունիսի 9-ին գալ ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննվել խոշոր չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ գործի շրջանակներում:

 

Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն, փոխնախագահն ինքն էր խնդրել, որ իրեն հարցաքննեն եւ հարցաքննությունն անցկացվի ուղիղ եթերում: Ըստ մեղադրող կողմի, Բուդուն, տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, օգնել է The old Fund ընկերությանը գնել երկրի ամենախոշոր տպագրական ընկերությունը' Ciccone-ն: Այդ ժամանակ ընկերությունը գտնվում էր լուծարման շեմին եւ ուներ հսկայական պարտքեր: Սակայն Բուդուի շնորհիվ, Ciccone-ի վաճառքից հետո ընկերության պարտքերը կարծես թե չքացան եւ տպագրա կան ընկերությունը սկսեց գործել միայն շահույթով:

 

Փոխնախագահը, ում դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, բազմիցս հայտարարել է, որ հակաօրինական որեւէ գործողություն չի կատարել եւ որեւէ առնչություն չունի գործարքի հետ: Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի մինչեւ նախաքննության ավարտը Բուդուն ժամանակավորապես լքի պետական պաշտոնը, սակայն փոխնախագահը կտրականապես հրաժարվում է: