Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 7-ին' ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա' ուշագնաց վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում' ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը' շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին' ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը' Ալվինա Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:

 

Հունիսի 7-ին` ժամը 20.40-ին, Սամվել Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սամվել Դարբինյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: