ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն առաջարկությամբ է հանդես եկել, որպեսզի ԱԺ պատգամավորները դիտարկում անցկացնեն Աֆղանստանում և Կոսովոյում, որտեղ խաղաղապահի առաքելությամբ ՆԱՏՕ-ին են միացել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերը: «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ անցկացված երկկողմ քննարկումների ժամանակ մեր պատվիրակությունն անդրադարձել է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող խաղաղապահ առաքելություններին, որտեղ ներգրավված են նաև ՀՀ Զինված ուժերը: Աֆղանստանում և Կոսովոյում մենք ունենք ներկայացուցչություն: Քննարկման ժամանակ առաջարկեցինք, որ իրենց կողմից իրականացվող առաքելություններին ԱԺ պատգամավորները ևս ներգրավված լինեն: Մենք' որպես խորհրդարանականներ, կարողանանք դիտարկում իրականացնել մեր խաղաղապահների առաքելության կապակցությամբ»,- այս մասին տեղեկացրեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։

 

Նրա խոսքով' ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու խորհրդարանական վեհաժողովի նախագահն իրենց գոհունակությունն են արտահայտել ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ ուժերի մասնակցության կապակցությամբ:

 

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ հայ պատգամավորները հնչեցրել են առաջարկը, կայացել է մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում:

 

2004-ին Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

 

Սկսած 2010թ-ի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։

 

2011թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։