Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պարզաբանեց, թե ինչպես է ձեռք բերել նախորդ տարվա հայտարարագրում ներկայացված մեկ միլիոն դոլարը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արթուր Ջավադյանին խնդրեց պարզաբանել, թե որտեղից է ձեռք բերել նման միջոցներ, քանի որ հանրությունը պետք է յուրաքանչյուր պաշտոնյայի ունեցվածքի վերաբերյալ տեղեկություն ունենա: «Ձեր կենսագրությունը երբ նայում եմ, վերջին 14 տարում եղել եք պետական պաշտոնյա: Հանրությունը պետք է տեղեկանա, թե որտեղից ձեզ այդ միջոցները: Ձեր ընտանիքը նաև շատ ակտիվ է փոխառություններ տալու և տոկոսներ ստանալու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, Արթուր Ջավադյանն ասաց, որ ինքը Կենտրոնական բանկում է աշխատում 1997 թվականից, իսկ մինչ այդ 9 տարի առևտրային բանկերից մեկում է աշխատել: «Բաժնետեր եմ եղել, իմ բաժնեմասը վաճառել եմ: Բանկային համակարգում եմ աշխատում սկսած 1985 թվականից: Շատ թափանցիկ հայտարարագիր ունեմ»,- ասաց նա:

 

Ջավադյանը նաև ընդգծեց, որ որևէ փոխառություն չի տվել, պարզապես ավանդներ ունի, որոնք պահում է բացառապես հայաստանյան բանկերում: Ավանդները պահում է հիմնականում դրամով, սակայն ունի նաև եվրոյով և դոլարով ավանդներ: