Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) երկրի զինված ուժերի օդային ուժերի թիվ 2 հրամանատարության տարածքում հենասյան վրայից առանց որեւէ դիմադրության թուրքական դրոշի' մի անչափահաս ցուցարարի կողմից իջեցումը խառնել է Թուրքիան:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, տեղաբնակ քրդերն արդեն մի քանի օր զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում' թուրքական իշխանություններից պահանջելով վերջ դնել ժանդարմական ստորաբաժանումների ամրապնդման համար ռազմական բլոկպոստերի շինարարությանը: Ակցիայի մասնակիցների եւ ռազմական ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Վերջիններս կրակ են բացել ցուցարարների վրա, իֆչի հետեւանքով երկու քաղաքացի զոհվել, 4-ն էլ վիրավորվել են: Միջադեպը շարունակվել է նաեւ հիվանդանոցի մոտ, որտեղ բերել են վիրավորներին: Հիվանդանոցի մոտ ոստիկանությունը ջրանետներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Դիարբեքիրի զորամասում պետական դրոշը իջեցվելու հետ կապված Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ բողոքի ակցի է սկսվել: Զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ այլ քաղաքներում, որոնց մասնակիցները երկրի իշխանություններից պահանջում են հայտնաբերել եւ պատժել պետական դրոշն իջեցնողներին եւ դրա համար պատասխանատուներին:
Դրոշի միջադեպի հետ կապված' Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը աշխատանքից հեռացրել է անվտանգության երկու աշխատակիցների' պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ նախագահ Գյուլը դատապարտել են դրոշի իջեցման միջադեպը եւ հայտարարել, որ մեղավորներն անպայման կպատժվեն:
Իմարլի բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանն էլ հայտարարել է, որ «դա սադրանք է' ուղղված Թուրքիայում քրդական խնդրի լուծման դեմ»: