ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլեկտրական էներգիայի իր հաշվարկած նոր նախնական սակագները: Ինչպես տեղեկացնում են ՀԾԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում' տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը' (23.00-ից մինչեւ 7.00)' 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 38.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 32.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: Սակագնների բարձրացում վերջին անգամ եղել էր նախորդ տարվա հուլիսին, երբ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով: Հոսանքի ցերեկային սակագինը տնային տնտեսությունների համար 30 դրամից դարձավ 38 դրամ, իսկ գիշերային սակագինը հաստատվեց 28 դրամ:

 

Համեմատելով ներկա և սպասվող սակագները' պարզ է դառնում, որ սովորական սպառողի համար ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիան կարժենա 3,85 դրամով կամ 10.13 տոկոսով ավելի, իսկ գիշերային ժամերին սպառած էլեկտրաէներգիան 3,58 դրամով կամ 12.79 տոկոսով ավելի: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8- 4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում: