Շվեյցարիայի լավագույն կրթական կենտրոններում սովորել և հետազոտություն իրականացնել ցանկացող հայ երիտասարդները 2015-2016 կրթական տարվա համար կարող են դիմել Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին: Դիմումների ընդունման վերջանաժամկետն է 2014 թվականի դեկտեմբերը: Այս մասին հուլիսի 11-ին Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: Հայաստանում Շվեյցարիայի Դաշնության դեսպանատան և կրթության ոլորտում վերջինիս գործընկեր «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրթության և մյուս ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը: «Հայաստանը և Շվեյցարիան շատ նմանություններ ունեն. երկուսն էլ լեռնային պետություններ են' սուղ բնական պաշարներով: Կարծում եմ, այս խիստ բնական պայմանները ստիպել են մեր ժողովուրդներին ավանդաբար հիմնվել իրենց մտքի ուժի վրա, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել երկու երկրների կրթական բարձր մակարդակի ձևավորման համար: Ես Հայաստան եմ եկել մեկ տարի առաջ և այս տարվա ընթացքում համոզվեցի, որ Հայաստանն ունի բարձր մակարդակի կրթական մշակույթ և շատ լավ գործընկեր կարող է լինել Շվեյցարիայի համար»,- ասաց Շվեյցարիայի դեսպան հավելելով, որ այսօր Շվեյցարիայում գործում են 12 հասարակական համալսարաններ, որոնցից շատերը դասվում են աշխարհի լավագույն համալսարանների շարքը և որոնց հիմնական նպատակը գերազանց կրթություն ապահովելն է:

 

«Լույս» հիմնադրամը մի քիչ տարբերվում է այլ կրթական հիմնադրամներից այն առումով, որ մենք ձևավորում ենք մի դաշտ, ուր հնարավոր լինի կիրառել տեսական գիտելիքը: Ժամանակակից գիտելիքահենք տնտեսության պայմաններում գիտելիքն արագ «շրջում է» աշխարհով, և մեր նպատակն է ապահովել, որ այդ գիտելիքները տարբեր ծրագրերի միջոցով հիմնվեն այստեղ' Հայաստանում: Շվեյցարիայի կառավարության հետ իրականցվող այս ծրագիրն այդ նպատակին հասնելու պայմաններից մեկն է»,- իր հերթին նշեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գրծադիր տնօրեն Ժաքլին Կարասլան յանը:

 

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը նախատեսված է հետդոկտորական հետազություն իրականացնող անձանց համար: Ամեն տարի «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի հանձնաժողովն ընտրում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների, ովքեր ցանկանում են շարունակել հետբուհական կրթությունը Շվեյցարիայի պետական համալսարաններում կամ ճանաչում ունեցող այլ կրթական հաստատություններում: 2014-2015 թվականներին կրթաթոշակին արժանացել է երիտասարդ գիտնական Սամվել Հովակիմյանը, ով որպես գիտությունների դոկտորի թեկնածու կշարունակի իր հետազոտությունը երկրաբանության բնագավառում: Ասուլիսի ժամանակ Շվեյցարիայի դեսպանը Հովակիմյանին հանձնեց կրթաթոշակի վկայականը:

 

«Ես մասնագիտությամբ երկրաբան եմ, և իմ հետազոտությունը վերաբերում է հանքավայրերի առաջացման պայմանների ուսումնասիրությանը և Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Մասնավրապես այն հնարավորություն կտա հետազոտել օգտակար հանածոների և երկրաբանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են հանքավայրերի առաջացման և տեղաբաշխման պայմաններին և այսօր բաց են ինտենսիվ գիտական բանավեճերի համար: «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շնորհիվ ինձ համար հնարավորություն է ընձեռվել Ժնևի համալսարանի մասնագիտացված լաբորատորիաներում կատարել ժամանակակից հետազոտություններ հանքային նմուշների վրա, որոնք, ցավոք, ներկայումս հնարավոր չէ իրականացնել Հայաստանում' համապատասխան սարքավորւմների և մասնագետների բացակայության պատճառով»,- ասաց Հովակիմյանը: Անդրադառնալով հետազոտության կիրառական նշանակությանը' նա հայտնեց, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանում տնտեսության առաջատար ճուղերից մեկն է հանդիսանում, ուստի նոր հանքային ռեսուրսների հայտնաբերման անհրաժեշտությունը օրակարգային խնդիր է: