Սերժ Սարգսյանը այցելել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:
Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքների կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ' Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օ ժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը: Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:
Նախագահին ներկայացրել են նաև 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1-ին: Ընդգծվել է, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն:
Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին: