ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերը և փոփոխությունները լայն քննարկման նյութ են դարձել ինչպես հանրության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Հաշվի առնելով երևույթի նկատմամբ առկա աճող հետաքրքրությունը և այն թյուր տեղեկատվությունը, որը հետևողականորեն շրջանառվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել. կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում, ինչպես համառորեն փորձ է արվում ներկայացնել: Դրանք իրականացվում են այն նույն տրամաբանությամբ, որով վերջին 6 տարիներին առաջնորդվել է ՊԵԿ-ը' նախապատվությունը տալով բարձրակարգ ու միջազգային ընդունված լավագույն չափանիշներին համապատասխանող և ներուժ ունեցող կադրերին:

 

Ֆինանսական վերահսկողության տեսչության մասին. վերջին 2 օրերի ընթացքում որպես անհերքելի փաստ է ներկայացվում այն «տեղեկությունը», ըստ որի' իբրև թե վարչության բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Իսկ իրականությունն այն է, որ «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման, այսինքն' կատարվել են կառուցվածքային և գործառութային փոփոխություններ և, բնականաբար, աշխատակիցների' աշխատանքից ազատվելու մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքն ուժը կորցրած ճանաչելու և կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում գործընթացը դեռևս չի ավարտվել: 43 աշխատակիցներից բարձր որակավորում ունեցող մասնագետները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը:

 

Ինչ վերաբերում է օրերս շահարկվող տեսակետին, ըստ որի՝ ոչ թե ՊԵԿ-ն է միացել ֆիննախին, այլ հակառակը, քանի որ, իբրև թե, կադրային փոփոխություններում նախապատվությունը տրվում է բացառապես ՊԵԿ-ի կադրերին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ տեսակետը ևս չի արտացոլում իրականությունը: Ավելին' ներկայացվում են, մեղմ ասած, ուռճացված թվեր, արդյունքում կատարվում են սխալ եզրահանգումներ մի գործընթացի վերաբերյալ, որը դեռ չի էլ ավարտվել, և որի տրամաբանությունն իրականում բխում է զուտ նախարարությունը որակյալ կադրերով ապահովելու նկատառումից: Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես ֆիննախի, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին' 3 կառուցվածքային ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆիննախի աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները: Ինչ վերաբերում է որոշ նախկին աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին տրված մեկնաբանություններին, ըստ որոնց' իբրև թե նրանց զբաղեցրած պաշտոնից անհամեմատ ցածր պաշտոնների առաջարկներ են արվել, որոնք նրանք մերժել են' դիտարկելով իբրև արժանապատվության դեմ ուղղված դիտավորյալ քայլ, ապա այս հարցի շուրջ ևս անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել: Ինչպես պարզվել է, նախքան միավորումը նախարարությունում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել վարչություններ, որոնց ղեկավարներն ընդամենը 3 աշխատակից են ունեցել, բնականաբար, դրանք օպտիմալացման գործընթացում վերակազմակերպվել են, ինչի հետևանքով այդ ղեկավարներին աշխատանքը համակարգում շարունակելու այլ առաջարկներ են արվել, որոնք էլ մերժվել են' «արժանապատվությունից ցածր» ընկալվելու պատճառով, եղել են նաև առաջարկներ, որոնք ընդունվել են:

 

Նախարարության տարբեր ստորաբաժանումներում օպտիմալացման գործընթացը տարբեր պատկեր է արձանագրել: Մասնավորապես' ֆիննախից և ՊԵԿ-ից կատարվել են հետևյալ կրճատումները.

 

. Իրավաբանական վարչությունից' 9 աշխատակից

 

. Գործառնական վարչությունից' 1 աշխատակից

 

. Ներքին աուդիտի վարչությունից' 1 աշխատակից

 

. Լիցենզավորման գործակալությունից' 1 աշխատակից

 

. Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությունից' 1 աշխատակից

 

. Ֆինանսական շուկայի զարգացման վարչությունից' 2 աշխատակից

 

. Ֆինանսահաշվային վարչությունից' 1 աշխատակից

 

. Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչություւնից' 5 աշխատակից

 

. Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչությունից' 3 աշխատակից

 

. Միջազգային համագործակցության վարչությունից' 1 աշխատակից

 

. Աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունից' 1 աշխատակից և այլն:

 

Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի 6 տարիների գործունեության հիմքում: Մասնավորապես' համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վաչարարության պարզեցման համատեքստում 57 հարկային տեսչություններից 35-ը լուծարվել էին, որի արդյունքում հարկային ծառայողներից 429-ը կրճատվել էին, իսկ միայն 2014թ. առաջին եռամյակում աշխատանքից ազատվել էր ՊԵԿ-ի 39 աշխատակից:

 

Պետական եկամուտների կոմիտեի' օպտիմալացման և կադրային նպատակային քաղաքականության արդյունքում արձանագրած ձեռքբերումները գնահատել են ոչ միայն բիզնեսը, այլ նաև միջազգային կառույցները' արժանացնելով բարձր գնահատականների: Այդ առումով հատկանշվում է ՊԵԿ-ի կառավարման համակարգի' միջազգային ստանդարտին համապատասխանելու համար հեղինակավոր «Բյուրո Վերիտասի» կողմից տրված հավաստագիրը: Ներկայում իրականացվող կադրային փոփոխությունների գլխավոր ելակետը ևս մնում է և լինելու է նախարարության առջև դրված դժվար խնդիրների արդյունավետ կարգավորումն ապահովող որակյալ կադրերի ընտրությունը, ինչն, ի դեպ, քարացած գործընթաց չէ, և ինչպես ՊԵԿ-ի դեպքում էր, այնպես էլ նախարարությունում պարբերական բնույթ է կրելու' առաջնահերթությունը տալով լավագույն կադրերին:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին