Ֆորմուլա-1-ի չեմպիոն, լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտնում է BBC-ն: Բրիտանական հեռարձակողը' վկայակոչելով ավտոարշավորդի ընտանիքի հաղորդագրությունը, նշում է, որ Շումախերն արդեն լքել է Գրենոբլի հիվանդանոցը: 45-ամյա գերմանացին կշարունակի վերականգնողական բուժումն այլ վայրում, որը գաղտնի է պահվում: Ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարող նամակներ են հղել լեգենդար մարզիկին: «Մենք համոզված ենք, որ ձեր նամակներն օգնել են նրան»,- ասել են նրանք' շնորհակալություն հայտնելով նաև բժիշկներին կատարած փայլուն աշխատանքի համար:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ Շումախերն ընկել է, լուրջ վնասվածքներ ստացել, գլուխը հարվածել, որի հետևանքով ընկել էր կոմայի մեջ: