Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որը հավանաբար կպահանջվի մի քանի ընտրատարածքներում, օգտակար կլինի երկրի բնակչության համար: Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, «Վրացական երազանք» կոալիցիայից Թբիլիսիի քաղաքագլխի թեկնածու Դավաթ Նարմանիան բավարար քանակով ձայներ չի հավաքում ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար: Թբիլիսիում նրա օգտին քվեարկել է ընտրողների 46,35 տոկոսը: Բացի այդ, քաղաքագլուխների ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Թելավ, Ռուսթավ, Մցխեթ, Գորի, Օզուրգեթ, Փոթի եւ Բաթում քաղաքներում:

 

«Երկրորդ փուլ է հնարավոր մի քանի ընտրատարածքներում: Մեր գլխավոր խնդիրը ժողովրդավարական ընտրություններին բնակչությանը վարժեցնելն Է… Մենք հասկանում ենք, որ դա կապված Է լրացուցիչ ծախսերի հետ, բայց, կարծում եմ, մենք կկարողանանք ավելի շատ օգուտ քաղել այդ նախադեպի շնորհիվ: Ուստի այդ ծախսերը միանգամայն արդարացված են»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ:

 

Դրա հետ մեկտեղ նա վերստին նշել Է, որ «Վրացական երազանքը» միակ այլընտրական ուժն Է երկրում»:

 

«Կայացած ընտրություններն ամբողջ երկրի հաղթանակն Է, «Վրացական երազանքի» հաղթանակն Է, քանի որ մենք առաջատարն ենք բոլոր ընտրատարածքներում, եւ մենք անպայման կհաղթենք ամենուրեք»,-ասել Է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ ընտրությունները «ազատ Էին, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական»:

 

«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Կենտրոնական ընտրական հաձնձնաժողովի բոլոր աշխատակիցներին, թեկնածուներին, դիտորդներին: Եվ, ամենագլխավորը, ցանկանում եմ «Վրացական երազանք»-ին շնորհավորել մեր կոալիցիայի հաղթանակի առթիվ»,-հավելել Է Ղարիբաշվիլին:

 

Հունիսի 15-ին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլեւ Վրաստանի 11 խոշոր քաղաքների՝ Ռուսթավի, Քութայիսի, Բաթումի, Գորիի, Փոթիի, Զուգդիդի, Օզուրգեթի, Թելավի, Ախալցխայի, Ամբրոլաուրիի, Մցխեթի ղեկավարները: Նաեւ կայացել են տեղական խորհուրդների (սակրեբուլոների) եւ 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ընտրությունները:

 

Ընտրություններին մասնակցել է 24 ընտրական սուբյեկտ՝ չորս ընտրադաշինք եւ քսան կուսակցություն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 43,31 տոկոսը: