Արգենտինայում նոյեմբերի 22-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Վերջին 12 տարում երկիրը ղեկավարում էր Կիրշներ ընտանիքը. 2003-2007թթ.՝ Նեստոր Կիրշները, հետագայում՝ նրա կինը՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Ըստ օրենքի՝ վերջինս չէր կարող դնել իր թեկնածությունը երրորդ անընդմեջ ժամկետը նախագահելու համար։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով BBC-ին, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են Դանիել Սցիոլին՝ իշխող «Ճակատ հանուն հաղթանակի» ալյանսից և Մաուրիսիո Մակրին՝ «Հանրապետական առաջարկ» ընդդիմադիր կուսակցությունից։

 

Նախագահական ընտրությունների հոկտեմբերի 25-ի տեղի ունեցած առաջին փուլում մասնակցել են 6 թեկածուներ։ Իշխանության կուսակցության թեկնածուն միայն 3 տոկոսով էր կարողացել առաջ անցնել իր հիմնական մրցակցից։

 

Արգենտինան ներկայումս բարդ տնտեսական իրավիճակում է։ Մասնավորապես, գնաճը տարվա ավարտին կարող է անցնել, ոչ պաշտոնական տվյալներով, 20 տոկոսից։

 

Մաուրիսիո Մակրիի հաղթանակի դեպքում Արգենտինայի իշխանությունների գերակայությունը կարող է դառնալ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ կապերի հաստատումը։

 

Իշխանության կուսակցության թեկնածու Դանիել Սցիոլին հաղթանակի դեպքում, փորձագետների կարծիքով, կշարունակի Լատինական Ամերիկայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ներկայիս ուղին։