Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները մեծ անելիք ունեն Քեսաբի անվտանգության ապահովման հարցում: Ինչպես հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետը, միշտ առկա է վտանգը, որ Թուրքիայի կողմից զինյալները կներխուժեն հայաբնակ Քեսաբ: «Ինչպես նրանք Թուրքիայի տարածքով մտան, այնուհետև անարգել հեռացան, նույն ճանապարհով կարող են նորից հարձակվել. Թուրքիան այս հարցում օժանդակում է զինյալներին: Հայտարարությունը, թե սահմանը փակել են «աչքկապոցի» է' ցույց տալու, թե իբր իրենք աջակից են իրենց հարևանին, որ իսլամական էլեմենտները գլուխ չբարձացնեն, բայց իրական Թուրքիան աջակցում է իսլամիստներին»,- ասաց արաբագետը' հավելելով, որ կառավարական ուժերը պետք է լուրջ քա յլեր ձեռնարկեն, որ այդ տարածքներում, որը ընդդիմադիրների ուշադրության կենտրում է, կարողանան ապահովություն և անվտանգության երաշխիքներ ձևավորել:

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայի կառավարական ուժերի կողմից Քեսաբում թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունն իրատեսական է, թե ոչ' Սարգիս Գրիգորյանը նշեց, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ Քեսաբի աշխարհագրական դիրքի պատճառով: «Աշխարհագրական դիրքը այս տարածքները մի քիչ բարդությունների առջև կարող է կանգնեցնել կառավարական ուժերին: Նկատի ունեմ այն բլուրները, այն հատվածները, որոնք հեշտացնում են զինյալների ներթափանցումը, այս հատվածը բարդ կլինի վերահսկել: Սակայն որոշակի կոնտինգենտ պահել այս հատվածներում, որը հսկող դեր կարող է կատարել, ըստ իս, հավանական է: Մեծ թվաքանակ չի էլ պահանջվի»,- ասաց արաբագետը:

 

Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով էլ' Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի Քեսաբ վերադարձած հայերին, ովքեր պետք է զրոյից սկսեն ամեն ինչ վերականգնել: «Քանի որ Սիրիան պատերազմական դրության մեջ է, վտանգը միշտ առկա է թե հայության, թե արաբների համար, բայց վերադառնալ, թե չվերադառնալ Քեսաբ, դա մարդկանց ներքին ու անձնական դիրքորոշումն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հումանիտար ու այլ օղակներով աջակցություն ցուցաբերի մեր հայրենակիցներին»,- ասաց Հայկ Քոչարյանը:

 

Հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից ազատագրվել է Քեսաբ գյուղաքաղաքը, որը մարտի 21-ին Թուրքիայի սահմանից ներխուժած իսլամիստ զինյալների կողմից հայաթափվել էր: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական' Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

 

Քեսաբի ազատագրումից հետո մոտ 250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ, ուր վնասված են նրանց բնակարանները, եկեղեցիները: