ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' հյուրերն անդրադարձել են երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին ու հարցերին. միգրացիա, աղքատության մակարդակ, աշխատատեղերի ստեղծում, խտրականություն և իրավահավասարություն, ընտանեկան բռնություն, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում:
Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպայի Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը' Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, աշխատանքներն ու նախաձեռնությունները: Նա հավաստել է, որ վերը նշված խնդիրները համապատասխան օրենքների շրջանակներում ունեն իրենց իրավակարգավորումները:
Աղքատության մակարդակի նվազեցման և գործազրկության խնդիրները լուծելու նպատակով, անցյալ տարի ընդունվել էր «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ՀՀ կառավարությանկողմից տրամադրված ֆինանսական միջոցների ուղղումնառավել ակտիվ ծրագրերի իրականցմանը: Նախկինում գործող գործազրկության նպաստի փոխարեն այժմ գործում են բազմաթիվ ակտիվ ծրագրեր. դասընթացներ, վերապատարաստումներ, աշխատաշուկայում գործատուի կողմից երիտասարդների ներգրավում, այլ վայր աշխատանքի գործուղում (որոնց ծախսերը հոգում է պետությունը), հաշմանդամություն ունեցող ան ձանց համարնոր մոտեցումներ (քվոտաներ, աշխատանքի հարմարեցված պայմաններ), որոնք կգործեն 2016 թվականից:
Երկրում գործում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, որի միջոցով գնահատվում է ընտանիքի անապահովության մակարդակը և տրամադրվում համապատասխան դրամական միջոցներ: Շուրջ 150000 ընտանիք օգտվում է այդ համակարգից:
ՀՀ կառավարության 2014թ.ծրագրով նախատեսված է ժողովրդագրության ազգային ծրագրի մշակումը, որի հիմնական նպատակներից մեկը նաև արտագաղթի կանխարգելումն է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ իրականացվում է ծրագիր, որի միջոցով արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն օգտագործել աշխատանք գտնելով հայրենիքում:
Ինչ վերաբերում է սիրիահայերի զբաղվածության խնդիրներին, ապա նրանք ընդգրկված են զբաղվածության բազմաթիվ ծրագրերում, Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ ընդունվել են աշխատանքի, կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակվել են կենսաթոշակներ և նպաստներ:
Խտրականության և իրավահավասարության խնդիրներն էլ կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Զբաղվածության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներով:
Մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» ցանկում ընդգրկվել են նաև ընտանեկան բռնության զոհերը և համապատասխանաբար սահմանվել են նրանց աջակցության հետ կապված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: