Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ին մահացու մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հաստատել էր Արարատում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայողի մահվան լուրը: «Արմենպրես»-ի հավաստի տեղեկություններով՝ ԼՂՀ ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է արել, որի հետևանքով զոհվել է ԼՂՀ ԶՈՒ զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Նարեկ Պողոսյանը: Հակառակորդը նահանջել է' ունենալով կորուստներ: Հավանաբար դրանով է բացատրվում ադրբեջանական լրատվամիջոցներում առկա ապատեղեկատվությունն այն մասին իբր, հայկական զինուժը փորձել է ներթափանցել Թովուզի շրջան: Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին իր չհաջողված ոտնձգությունը փորձում է վերագրել հայկական կողմին, իսկ սեփական հասարակության աչքում սխալները սրբագործելու համար ստեր է հորինում' արդարացնելու, թե ինչ հանգամանքներում են մահացել իրենց զինծառայողները: Նրանք այսօր տեղեկություն են հրապարակել, որ ադրբեջանական բանակում զինծառայողը կրակել ու սպանել է ծառայակիցներին, ապա ինքնասպանություն գործել: