Մեկնարկեց Ազգային ժողովի կառավարության նախաձեռնությամբ եւ հրատապ օրինագծերի քննարկման նպատակով հրավիրված արտահերթ նստաշրջանի չորրորդ օրվա աշխատանքը: Գրանցվեց 108 պատգամավոր, քվորում կա: Նիստն սկսվեց: Պատգամավորներն այսօր կշարունակեն հունիսի 20-ին սկսած' Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացության քննարկում:
Եզրակացությունը ներկայացրեց ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովում ստեղծվել է չորս աշխատանքային ենթախումբ եւ ներգրավվել է երեք փորձագետ: Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքների ուղղվածությունը, ուսումնասիրություններն ու վերլուծությունները:
Օրենսդիրը հունիսի 20-ին ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ խմբակցության համար անընդունելի համարեց քննարկվող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ չեն եղել հանրային քննարկումներ:
Մհեր Շահգելդյանի գնահատմամբ՝ ՕԵԿ խմբակցության համար անընդունելի է քննարկվող օրինագծերի փաթեթը, քանի որ չի հանվել պարտադիր կուտակային բաղադրիչը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը պարզապես դարձել է նպատակային սոցիալական վճար, ինչը, ըստ էության, ոչինչ չի փոխում:
ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ այս փաթեթի ընդունման համար պատեհ պահ չի ընտրված. հանդուրժողական մթնոլորտում պետք է մասնագիտական վերլուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ եւ գտնել արդյունավետ լուծում: Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով բարեփոխման իրականացմանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դեմ արտահայտվեց օրինագծերի փաթեթին եւ նշեց, որ հարցի վերաբերյալ հանրային միասնական քննարկում չի եղել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիմնավորեց քննարկվող հարցի սահմանադրականությունը եւ ներկայացրեց պետական ու մասնավոր հատվածների աշխատողների նկատմամբ կիրառվող տարբեր մոտեցումների պատճառները: Նախատեսվում է, որ փաթեթը քվեարկության կդրվի այսօրվա նիստում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով' մի շարք օրենքների նախագծեր հանվել են ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից: