«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը դրվեց քվերակության և ընդունվեց 67 կողմ ձայնով' չգրանցելով դեմ կամ ձեռնպահ:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձայնի իրավունք խնդրեց ու հայտնեց. «Մենք խնդրում և պահանջում ենք' հարգել ու պաշտպանել օրենքը' թույլ չտալով, որ ԱԺ պատգամավորը բացակա պատգամավորի փոխարեն քվեարկի»,- ասաց նա: Այս ամենին ի պատասխան' Գալուստ Սահակյանը նշեց. «Հենց այդպես էլ անում ենք»:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց ու հայտնեց, որ իրենց խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, որը, նրա խոսքով, օրենքով նախատեսված դիրքորոշում է:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց դաշնակցական իր գործընկերներին հաշվետարի դեր կատարել: «Հաշվեք պատգամավորների քանակը, չի կարելի նման տիպի ավանտյուրաներով, շանտաժներով հանրությանը դնել թյուրիմացության մեջ»,-ասաց նա:

 

Վարման կարգի շրջանակներում ձայն խնդրելով' ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խնդրեցին 20 րոպե ընդմիջում, խնդրանքը, սակայն, ԱԺ նախագահը չընդունեց' նշելով, որ մեծ աշխատանք պետք է իրականացնի Ազգային ժողովը:

 

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի կարողանան 18:00-ից հետո անցկացնել արտահերթ նիստ, որպեսզի բոլոր հարցերը հասցնեն այսօր քննարկել:

 

Կառավարության նախաձեռնությամբ եւ հրատապ օրինագծերի քննարկման նպատակով հրավիրված' Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի չորրորդ օրվա աշխատանքը մեկնարկեց 108 պատգամավորի գրանցմամբ, որին հաջորդեց 20 րոպե ընդմիջում: