Ազգային ժողովում փոխարժեքի հարցի վերաբերյալ արտահերթ նիստը կանցկացվի փակ: Նիստը փակ անցկացնելու նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ էին 6-ը և ձեռնպահ 1-ը:
Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Շատ տագնապային իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում, և ես կարծում եմ, որ մինչև այս նիստը, որը ցանկանում ենք անցկացնել փակ, միանշանակ պետք է լինի բաց, պետք է մենք մեր հանրությանն անկեղծ ներկայացնենք այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք և դադարեցնենք բոլոր գործողություններն այդ միությանը բռնակցման վերաբերյալ, որովհետև մենք տեսնում ենք, թե ՌԴ-ն ինչ ապրում է ապրում»:
Վարման կարգով խոսեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ չէ, որ նիստը լինի դռնփակ՝ արձանագրելով, որ դռնփակը չի նշանակում գաղտնի:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է, որ նիստն անցկացվի դռնփակ: «Շատ է ասվում, որ սպեկուլյատիվ աժիոտաժ է ստեղծվում: Հիմա մարդիկ իմանան՝ ԱԺ-ում դռնփակ նիստ են անում, այդ սպեկուլյատիվ աժիոտաժն ավելի է մեծանալու: Մարդիկ այսօր պատասխաններ են ակնկալում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ նիստի ավարտից հետո հանրությանը համապատասխան հաղորդումը կիրազեկվի: