ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 21-ին նշվող Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Մասնագիտական տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները, մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն' երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր, բարձր պահելով սպիտակ խալաթը կրողի պատիվը, գիշեր ու զօր մեծ նվիրումով են իրականացնում իրենց աշխատանքը:
Յուրաքանչյուր օր առողջական ամենատարբեր խնդիրներով հարյուրավոր քաղաքացիներ են դիմում բուժհաստատություններ' ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաճախ աննկատ է մնում, թե որքան կյանքեր են փրկվում, որքան մարդիկ են բժշկի օգնությամբ հաղթահարում իրենց առողջական խնդիրներն ու տանջող ցավը: Մարդասիրական իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներն այդ մասին չեն մտածում։ Կոչումով բժշկի համար առաջնայինն իրեն դիմած հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելն է, նրա առողջությունը վերականգնելը, ամենակարևորը' կյանքեր փրկելը: Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունից առաջ երդվում է։ Դրանով նաև պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելուց բացի գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, երբեք չմոռանալ, որ գործ ունի նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։
Նախարարությունն իր առջև խնդիր է դրել տարբեր ծրագրեր իրականացնել, որպեսզի բուժաշխատողները մասնագիտական իրենց պարտականությունները կատարելիս իրավական առումով ավելի ապահովված զգան։ Միաժամանակ մեծ ջանքեր պետք է գործադրենք, որ իրենց նվիրումին, կատարած ամենօրյա դժվարագույն աշխատանքին համապատասխան ու արժանապատիվ վարձատրվեն։
Մեր տոնի կապակցությամբ ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում»: