Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, որը նշվում է հունիսի 21-ին:

 

Ուղերձում ասված է.

 

«Սիրելի բուժաշխատողներ,

 

ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

 

Բժշկի մասնագիտությունն այն քչերից է, որոնք մեզանում գնահատվում են առանձնակի, ու դուք, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Աստծո ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը: Ու համոզված եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, դուք այսուհետ ևս անելու եք առավելագույնը՝ մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:

 

Քաղաքային իշխանությունն էլ իր լիազորությունների շրջանակում է անում հնարավորը, որպեսզի առողջապահության ոլորտի աշխատողների ոչ միայն աշխատանքային, այլև սոցիալական ու կենցաղային պայմանները բարելավվեն: Համոզված եղեք, որ առողջապահության ոլորտը եղել ու լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում: Ու ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում մենք կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:

 

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,

 

ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն»: