ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հայ ոսկերչի տոնի առթիվ:

 

Ուղերձում ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ ոսկեգործության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Հայ ոսկերչի մասնագիտական տոնի առթիվ:

 

Հայաստանում ոսկեգործության ոլորտը զարգացած է եղել դեռևս վաղ անցյալում: Հայ ոսկերիչների աշխատանքները մշտապես հարգանք են վայելել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Դրան մեծապես նպաստում է նաև հայկական սփյուռքի ոսկերիչների գործունեությունը, որոնք սնվելով ազգային ակունքներից' իրենց անգնահատելի նպաստն են բերում հայ ոսկերչության միջազգային ճանաչմանն ու բարձր գնահատականի արժանացմանը:

 

Ուրախությամբ եմ նշում, որ հանրապետության ոսկեգործության ոլորտն այսօր պատվով է ներկայանում արտաքին շուկաներում և ավելի ու ավելի ճանաչելի է դառնում, իսկ բարձրաճաշակ արտադրանքը վկայում է հայ ոսկերիչների հմտության ու վարպետության բարձր մակարդակի մասին:

 

Հայաստանի կառավարությունը՝ գործողությունների ծրագրի շրջանակներում, պետական աջակցության գործիքակազմի օգտագործման և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով այսօր գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, ոլորտի արտադրանքը արտաքին շուկաներում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Դա, իր հերթին, կնպաստի Հայաստանը գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց դարձնելու ռազմավարությանը:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ և ստեղծագործական նոր հաջողություններ»: