ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղը` հունիսի 22-ին կայցելի Երեւան: Այցի շրջանակներում նախատեսած է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ՌԴ արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Մարիա Զախարովան ասաց, որ այցի շրջանակնեում դաշնակից եւ ռազմավարական գործընկերների միջեւ փոխգործակցությանն զարգացման ուղղված երկխոսություն կլինի: Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն նախորդ տարի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման փաստին:
«Այցի ընթացքում կանցկացվի, այսպես ասած, ժամացույցների ստուգում միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ առկա արդիական հարցերի շուրջ: Մոսկվայի եւ Երեւանի արտաքին քաղաքականության դիրքերը ավանդաբար համարվում են սերտ»,- նշեց Զախարովան' հավելելով, որ Մոսկվայում համոզված են, որ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ փոխադարձ համագործակցության զարգացմանը նոր թափ կհաղորդի:
«Հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրանքաշրջանառության տեմպերը բարձր են: 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը աճել է 10.6 տոկոսով եւ կազմել 1.35 միլիարդ դոլար: Ռուսաստանը վստահաբար Հայաստանի տնտեսության գլխավոր ներդնողն է. ընդհանուր կապիտալը կազմում է 3.2 միլիարդ դոլար: Հայկական շուկայում գործում է ռուսական կապիտալով 1,3 հազար ձեռնարկություն: Միջկառավարական հանձնաժողովներն ակտիվ համագործակցում են: Հաջողությամբ իրականացվում է մինչեւ 2020 թ. նախանշված երկարաժամկետ տնտեսական համագործակցության օրագիրը»,- շեշտեց Մարիա Զախարովան' հավելելով, որ երկկողմ գործընկերության նոր մակարդակն անկասկած կնպաստի առաջիկայում Հայաստանի լիարժեք ներգրավմանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:
Մինչ Երեւան այցելությունը, հունիսի 17-18-ին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում: Բաքվում Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը կապ չունի Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների հետ, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ, եւ որոնց, համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո, շուտով կմիանա նաեւ Հայաստանը»: