Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմանը երկու երկրների ցանկության դեպքում: Այս մասին Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Ռուս լրագրողը հարց հնչեցրեց, որ, հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները վերջին շրջանում, կարող է Ռուսաստանը աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, որին ի պատասխան Լավրովը նշեց.«Մինչ արձանագրությունների ստորագրումն ու դրանից հետո մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը' ունենալ ներդրում հարաբերությունների այն ձևերում, որոնք ձեռնտու են թե Հայաստանին, թե Թուրքիային: Պլաններում կային ենթակառուցվածքների ստեղծման նախագծեր, այդ թվում, երկաթգծային, որոնք կկապեին ազգերին, երկրները, առանձին շրջանները:Այս ամենն ուժի մեջ է, բայց երկու երկրներին է վերաբերում, որոնք ստորագրել են արձագրությունները: Մենք պատրաստ ենք աջակցել դրանց կատարմանը»:

 

ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագմանը խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

 

«Սերգեյ Վիկտորովիչը ներկա է գտնվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, որը խորհրդանշում է Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Ռուսաստանի և մյուս երկրների դիրքորոշումը պաշտպանելու այդ գործընթացը, արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ ասվում էր, որ պետք է առանց նախապայմանների հաստատել ու իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք դրված են եղել արձանագրությունների հիմքում' ստորագրված Ցյուրիխում 2009 թվականին»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ, ԵՄ, ՌԴ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, արձանագրությունների վավերացումը պայմանավորել է ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

 

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: