Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի' հունիսի 23-ին մեկնարկած նիստում քննադատական գնահատականներ են հնչել Ադրբեջանի հասցեին: Հակահայկական նախաձեռնությունների հեղինակ Ադրբեջանը ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում սեփական անհանդուրժող գործողությունների պատճառով: Եվրոպական երկրների պատվիրաները դատապարտել են այդ երկրի պահվածքը' որպես ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնող պետություն, որը խտրական վերաբերմունք էր ցուցաբերել և արգելել վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Բաքու: Ինչպես «Արմենպրես»-ին Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լիագումար նիստում գնահատականներ են հնչել տարբեր քաղաքական խմբերի և երկրների պատվիրակությունների կողմից: Ադրբեջանի վարքագիծը համարվել է աննախադեպ: «Եվրոպական պատվիրակներն անընդունելի համարեցին նման պահվածքը, և շեշտվեց' երբևիցե նման բան չի, որ եղել, որ նախագահող երկիրը թույլ տա նման դիսկրիմինացիոն պահվածք»,- ասաց Նաղդալյանը:

 

Ադրբեջանի հետ կապված ևս մեկ քննարկում է եղել. ԵԽԽՎ պատվիարկները հավանություն են տվել, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը, որը նախկինում որոշվել էր չառանձնացնել այդ երկրի մասին ընդհանրական զեկույցից, պատրաստվի առանձին: ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել, որ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄքՆամարան առանձին զեկույց պատրաստի Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու ադրբեջանական նախաձեռնությանը, այն կքննարկվի ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունիսի 27-ին: Հայկական պատվիրակությունը քննարկումներ և հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակների և բյուրոյի անդամների հետ: Հերմինե Նաղդալյանը, խուսափելով դեպքերից առաջ ընկնել, այնուամենայնիվ նկատեց, որ ակնհայտ է' որևէ հիմք այս որոշման համար չկա եւ առաջարկը, որը ներկայացրել են ադրբեջանցիները և ստորագրել են որոշ երկրների պատվիրակներ, առանց հիմնավորումների և փաստարկների է:

 

Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ ԵԽԽՎ նստաշրջանում սպասվում են Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի ելույթները: Հայկական պատվիրակության դիրքորոշումը, որը քննարկվել է նաև այլ երկրների պատվիրակների հետ, հետևյալն է' Ադրբեջանի հետ կապված հնչեցնելու շատ հարցեր կան' այդ երկրի ժողովրդավարական խնդիրների, մամուլի, հավաքների ազատությունների սահմանափակումների, սպառազինությունների մրցավազքի, քսենոֆոբիական հայտարարությունների և քաղաքականության առնչությամբ, սակայն, որպես կանոն, նման երևույթների հետ կապված հարցերն ադրբեջանցի բանախոսներն օգտագործում են իրենց քարոզչությունը ԵԽԽՎ ամբիոնից առաջ մղելու համար: Այդ պատճառով հայ պատվիրակները ձեռնպահ կմնան Ադրբեջանի նախագահին և արտգործնախարարին հարցերով դիմելուց: Հայկական պատվիրակությունը կաշխատի, որպեսզի իր մոտեցումները ներկայացվեն Ադրբեջանին ԵԽԽՎ առաջարկների ձևով:

 

Հայ պատվիրակներն ազատ դեբատների ժամին կհերթագրվեն ելույթների համար, սակայն եթե ելույթի հերթ չհասնի, ապա գրավոր կտարածվեն մոտեցումները' ընդգծելով, որ պետք չէ պրոպագանդիստական ելույթներ ունենալ, այլ պետք է սեփական երկրի ներսում լուծել առկա խնդիրները: