Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հունիսի 21-ին դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր է հանձնել Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ, «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:
Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատել է Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը' շարունակելու իրենց գործունեությունը' ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության: