Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ այսօր կայացած մամուլի ասուլիսը լի էր անակնկալներով: Անակնկալներով այն առումով, որ նախարարից իր աշխատանքի նման գնահատական լսել՝ որևէ մեկը չէր սպասում: Մխիթար Հայրապետյանը նշում է, որ, ըստ երևույթին, չի բացառվում, որ Սփյուռքի նախարարությունը փակվի կամ էլ վերածվի որևէ նախարարությանը կից վարչության: Սա իր հերթին նշանակում է, որ նախարարն ինքն է ընդունում, որ թե՛ նախարարության, թե՛ անձամբ իր տիտանական ջանքերը զուր էին ու անպտուղ՝ ո՛չ Հայաստանը սփյուռքից գլուխ հանեց, ո՛չ սփյուռքը՝ Հայաստանից: Ընդամենը կես տարի առաջ Մխիթար Հայրապետյանը կայսերական ծրագրեր էր կազմում, պատրաստվում էր նախադեպը չունեցող ներգաղթ կազմակերպել, բայց արի ու տես՝ բլոտ խաղալով ընկավ ու մոռացավ իր մեգա-պլանների մասին: Հիմա նախարարը նշում է 450 ներգաղթյալների մասին, որոնք ընտանիքներով դիմել են նախարարություն և աջակցություն ստացել:
Թե որտեղից է նախարարը վերցրել այդ թիվը և իրականում ինչպիսին է Հայաստան ներգաղթածների իրական պատկերը՝ դժվար է ասել: Չի բացառվում նաև, որ այդ ներգաղթյալները դեռևս հեղափոխությունից առաջ էին դիմել նախարարություն, ասել է թե՝ մեծագույն ցանկություն են դրսևորել ապրելու Հին Հայաստանում, սակայն օբյեկտիվ պատճառներով՝ այդ գործընթացը ձգձգվել է: Հիմա էլ այդ ձեռքբերումը ներկայացվում է իբրև Մխիթար Հայրապետյանի և նրա թիմի ձեռքբերում, թե բա՝ կարողացել են մարդկանց համոզել, որ երկրում իրավիճակ է փոխվել, վերջիններս էլ էշելոններով շտապել են Հայաստան: Իրականում, այս կես տարվա ընթացքում նախարարը հասցրել է մեկ բլոտ խաղալ, մեկ՝ մրցանակաբաշխությանը մրցանակ հանձնել, մեկ էլ՝ շաբաթը մեկ սփյուռքի գաղթոջախներին սկայպի միջոցով հիշեցնել իր գոյության մասին:
Հիշեցումներն էլ, ինչպես երևում է՝ չօգնեցին՝ դրա մասին է վկայում երեկ կայացած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունը, երբ սփյուռքը հստակ ցույց տվեց իր վերաբերմունքը, այդ թվում՝ նաև Հայրապետյանի աշխատանքին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չաշխատանքին: Վերլուծելով իր կարողությունները՝ նախարարը ինքն է եկել այն եզրակացության, որ գործադիրն իր տեղը չէ: Չնայած Հայրապետյանի տեղը չէ նաև Ազգային Ժողովը, սակայն, ամենայն հավանականությամբ, նրան հենց այնտեղ էլ կտեղավորեն՝ բլոտ խաղալու համար նոր խաղընկերները երբեք էլ ավելորդ չեն: Ի դեպ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշումը Հայրապետյանն ընդունեց վերջին պահին, թերևս այս հարցում էլ ճիշտ գնահատելով իր մեկնարկային շանսերը…
Ս.Խաչատրյան