ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 28-ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրվեց գերատեսչության բարձրագույն մեդալով՝ ոսկե հուշամեդալով։
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նախարարությունում անցկացված «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակում։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Տիգրան Մանսուրյանը հայկական իրականության անկրկնելի դեմքերից է։
«Մանսուրյանը գրել և ստեղծագործել է շատ բազմաշերտ ու բազմաժանր։ Ես հիանում ու հպարտանում եմ Տիգրան Մանսուրյան հայով, արվեստագետով և մարդով։ Այսօր Մանսուրյանը սպասված է աշխարհի գրեթե բոլոր բեմերում։ Այսօր ես կպարգևատրեմ մաեստրոյին նախարարության բարձրագույն հուշամեդալով, որն, իհարկե, Մանսուրյանին գնահատելու համար շատ փոքր է, բայց մեր ունեցածի լավագույնը տալիս ենք ամենալավ մարդուն»,- ընդգծեց սփյուռքի նախարարը' հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 24-ին հանրապետության թիվ մեկ բեմից հնչեց Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստե ղծագործությունը։
Տիգրան Մանսուրյանը, խոսելով իր նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության մասին, գրող Անդրե Մորուայի գրած առաջին վեպի հրատարակման հետ կապված մի դեպք հիշեց։
«Երբ Անդրե Մորոուան հրատարակեց իր առաջին վեպը, Ֆրանսիայում շատ լավ ընդունվեց գիրքը, մամուլը նույնպես բարձր գնահատեց։ Նա նաև իր ստեղծագործությունը ուղարկել էր իր դասախոսներից մեկին՝ փիլիսոփա Ալենին, ով ասել էր, որ արժանի է գիրքը մեծագույն գնահատանքի, բայց նկատի ունեցիր, որ այսպես լինում է միայն առաջին գրքի հետ և կարող է լինել ամենավերջում՝ կյանքն է այդպիսին։ Հիմա, երբ ես լսում եմ գեղեցիկ գնահատականներ իմ այս ստեղծագործության վերաբերյալ՝ մտածում եմ, չլինի Ալենի ասած վերջին նշաններից է»,- նշեց մաեստրո Մանսուրյանը։